Encyclopedia

Պետրոս Դուրյան

Պետրոս Դուրյանը (իսկական ազգանունը՝ Զըմպայան, հունիսի 1 (մայիսի 20), 1851թ., Սկյուտար, Կ. Պոլիս – փետրվարի 2 (հունվարի 21), 1872թ., Կ. Պոլիս) ծննդավայրի ճեմարանն ավարտելուց հետո եղել է գրագիր, տնային ուսուցիչ, աշխատակցել է տարբեր թերթերի, գրել դրամաներ: Նշանավոր են նրա «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867թ.), «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868թ.), «Արտաշես աշխարհակալ» (1869թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870թ.) երկերը, որոնք ժամանակին բեմադրվել են Կոստանդնուպոլսում`   Հակոբ Վարդովյանի թատրոնում:

Դուրյանի սիրային բանաստեղծություններում միահյուսված են սերը և բնությունը: «Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ» բանաստեղծություններում սերն արթնանում է բնության շնչով: Բնության և սիրո ներդաշնակ պատկեր է նաև «Ներա հետ» բանաստեղծությունը:

 

Սիրո փիլիսոփայությունը գեղարվեստորեն արտացոլվել է նաև Դուրյանի «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում: Առաջինում պատկերված են սիրած էակի հմայքն ու սիրո խոստովանության հուշը, սիրո հեքիաթի երջանիկ ավարտը:

 

Երկրորդում իդեալի և ներդաշնակության կապը խզված է, բանաստեղծը մերժված է: «Լճակ», «Ի՞նչ կըսեն» բանաստեղծություններում Դուրյանը դատապարտել է անողոք ու անտարբեր աշխարհը: Դուրյանը մեծ տեղ է հատկացրել նաև կյանքի ու մահվան առեղծվածին:

 

Դուրյանի խոհափիլիսոփայական մտորումների բարձրակետը «Տրտունջք» բանաստեղծությունն է: Բանաստեղծի տրտունջն անձնական վշտից վերաճում է տիեզերական թախծի, մարդկության տառապանքի ու կարեկցանքի:
 
Դուրյանը հայրենասիրական բանաստեղծություններում («Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան», «Երգ մարտին Վարդանանց», «Իմ ցավը») հավատում է, որ հայրենիքը սոսկ ծննդավայր չէ, այլ Հայաստանը, որին օգնելն իր ամենանվիրական տենչն է համարել:
 
1871թ.-ի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին չբոլորած, հեռացել կյանքից՝ երազելով իր տաղերի ժողովածուի լույսընծայումը: Նա հեռացել է կյանքից առանց լուսանկար ունենալու, և միայն 1972թ. վիրաբույժ Անդրանիկ Ճաղարյանը գանգաբանական հետազոտությամբ վերականգնել է Դուրյանի դեմքը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.